Ամեն 5 տարին մեկ աշխարհը հետևում է` ինչպես է Չինաստանի իշխող կուսակցությունը անցկացնում իր համագումարը: Հոկտեմբերի կեսին Չինաստանի կոմունիստական կուսակցության պատվիրակները ամբողջ երկրից կհավաքվեն Պեկինի Ժողովրդական ժողովների տանը: Համագումարում ընտրում են կուսակցության ղեկավարներին, որ պիտի տնօրինեն 1,3 միլիարդ մարդու ճակատագիր` նրանց մեծ մասը չունի ընտրության իրավունք, և ղեկավարեն աշխարհի երկրորդ տնտեսությունը: Չինաստանի կումկուսի 19-րդ համագումարը հոկտեմբերի 18-ին է։ Սպասվում են կուսակցության ղեկավարության մասշտաբային փոփոխություններ: Առավել մեծ է հավանականությունը, որ կուսակցության ներկա նախագահ և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կպահպանի դիրքերը: Ինչո՞վ է զբաղվում քաղբյուրոն: Համագումարը կազմված է 2300 մարդուց, սակայն այս անգամ ընտրել են 2287 պատվիրակներ: ԶԼՄ-ները հաղորդում են, որ պատճառը մնացած 13-ի ՙանվայել վարքն՚ է: Փակ դռների հետևում համագումարի մասնակիցները կընտրեն նոր Կենտրոնական կոմիտե` 200 մարդու: Կոմիտեն կընտրի քաղբյուրոյի անդամներին, նրանք կձևավորեն մշտական խորհուրդը: Նրանք Չինաստանի գլխավոր մարդիկ են` առանցքային որոշումներ ընդունող: Քաղբյուրոն 24 անդամ ունի, մշտական խորհուրդը` 7, բայց այդ թվերը տարեցտարի փոփոխվում են: Պաշտոնապես կուսակցությունը քվեարկում է, իրականում նրանցից շատերին նախապես ընտրում են գործող ղեկավարները, իսկ կոմիտեն պարզապես հաստատում է նրանց ընտրությունը:
Կենտրոնական կոմիտեն ընտրում է կուսակցության ղեկավարների` գլխավոր քարտուղարին, որ միաժամանակ ՉԺՀ նախագահն է:
ՉԺՀ 19-րդ համագումարին պետք է հետևել երկու պատճառով: Առաջին հերթին Սի Ցզինպինը պետք է ներկայացնի ընդարձակ զեկույց, որով վերլուծաբանները կարող են հասկանալ Չինաստանի քաղաքականության ուղղությունները առաջիկա 5 տարիներին: Երկրորդ` քաղբյուրոյի մշտական կոմիտեն համարյա ամբողջությամբ կնորացվի: Վերջին տարիներին կուսակցությունը ոչ պաշտոնապես որոշակի պաշտոնների թեկնածուների ժամկետի ու տարիքի սահմանափակումներ է մտցրել: Քաղբյուրոյի անդամների մեծ մասը հեռացել է, երբ լրացել է նրանց 68 տարին: Այդ պատճառով հիմա կարող է հեռանալ 69-ամյա Վան Ցիշանը` հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: Նա Սի Ցզինպինի գլխավոր դաշնակիցներից մեկն է, չի բացառվում, որ նրան համոզեն մնալ: Սի Ցզինպինը 64 տարեկան է, վարչապետ Լի Կեցյանը` 62: Այս համագումարում ապագա ղեկավարների նոր դասավորություն կարող է լինել, ներառյալ 5 տարի հետո նրա հնարավոր իրավահաջորդի: Թեպետ շատերը կարծում են, որ Սի Ցզինպինն այս անգամ այդ քայլը կհետաձգի:
Ի՞նչ է այս ամենը նշանակում Սի Ցզինպինի համար:
Գուցե կուսակցությանը սպասվում է համընդհանուր համախմբում Սի Ցզինպինի շուրջ։ 2012-ին իշխանության գալու պահից նա նոր մարդկանց է վստահել աննախադեպ շատ պաշտոններ, որ նրան մի շարքում է դնում Մաո Ցզեդունի ու Դեն Սյաոպինի հետ: Առավել հավանական է, որ ղեկավար դիրքերում կհայտնվեն նրա կողմնակիցները և կուժեղացվի քաղաքականությունը, որ հայտնի է ՙՍի Ցզինպինի՚ մտքեր անունով` իբրև կուսակցության ծրագիր։ Դա կարող է չինական քաղաքական պատմության մեջ նրան Մաոյի մակարդակի բարձրացնել: Ոմանք գտնում են, որ Սի Ցզինպինը կարող է նախաձեռնությամբ հանդես գալ, որը կընդլայնի նրա կառավարումը, որ ավանդաբար սահմանափակվում է երկու ժամկետով։
2012-ին ստանձնելով իշխանությունը` Սի Ցզինպինը սկսեց հակակոռուպցիոն մեծ արշավ, որի ընթացքում միլիոնից ավելի իշխանավորներ ենթարկվեցին կարգապահական պատասխանատվության: Ոմանք դա համարում են Սիի հակառակորդների ներքին ՙմաքրում՚:
Ձևավորվել է ամբողջ շարժում, որ կոչվում է ՙՍիի պաշտամունք՚, նախագահին են ձոնում քարոզչական երգեր, պետական ԶԼՄ-ների ուշադրությունը բևեռված է նրա գործունեության միայն դրական կողմերի լուսաբանմանը: Նրան անվանում են ՙՍի հայրիկ՚ կամ ՙքեռի Սի՚:
Ի՞նչ է դա նշանակում մնացած աշխարհի համար:
Վերլուծաբանները կարծում են, որ չնայած մշտական կոմիտեում մեծ վերադասավորություններին, հիմնականում Չինաստանը կշարունակի գնալ նույն ճանապարհով: Սի Ցզինպինը կզարգացնի կայունության ամրապնդման քաղաքականությունը: Դեռ գործում են տնտեսական բարեփոխումների չինական հնգամյա ծրագիրը և հակակոռուպցիոն արշավը: Համաշխարհային քաղաքականության առաջին շարքում մնալու տրամադրվածությունը ևս Սիի ղեկավարությամբ կպահպանվի: Առայժմ պարզաբանված չէ հարցը` ինչպե՞ս է Չինաստանը վերաբերվում Հյուսիսային Կորեայի գործողություններին ու միջուկային ճգնաժամին: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Չինաստանը կշարունակի խուսանավել վճռական գործողություններից, իսկ նոր ղեկավարությունը ներքին բանավեճ կվարի` ինչպե՞ս վարվել այդքան բռնկուն հարևանի հետ:
BBC
Հ.Գ. Սպասենք հոկտեմբերի 18-ին։ Բացի քաղաքական ընտրություններից ու վերընտրություններից` ՉԺՀ կոմկուսի համագումարի տնտեսական ծրագիրը չափազանց կարևոր է համաշխարհային տնտեսության համար: Չինաստանի գերխնդիրը մնում է տնտեսական կայուն աճի ապահովումը և համաշխարհային երկրորդ տնտեսության կարգավիճակի պահպանությունը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ